Նորություններ

Մատնախաղերի՝ գաղտնիքներով լի մանկական գիրքն արդեն վաճառքում է

23 Մարտ 2018 / Կողմից
 (Նկար: )

«Բարի լո՜ւյս,- ասաց բութ մատը

-Բարի լո՜ւյս,- ասաց ցուցամատը

-Բարի լո՜ւյս,- ասաց միջնամատը

-Բարի լո՜ւյս,- ասաց մատնեմատը

-Բարի լո՜ւյս ձեզ բոլորիդ,- ասաց փոքրիկ ճկույթ մատը…»,- արտասանում էր «Դեղին Արտույտ» Վոլդորֆյան մանկապարտեզի սան Ալունան՝  ցույց տալով իր փոքրիկ մատիկները:

 Գունազարդ գիրքը ամուր սեղմած կրծքին՝  Ալունան  մեզ տեղեկացրեց, որ այն կախարդական է, առանձնահատուկ ընդգծելով այս բառը եւ  սկսեց խանդավառությամբ բացել գաղտնապատուհաններն ու  ցույց տալ  մանկական գրքի էջերում  թաքնված զատիկը, ծաղիկը, ծիտիկը… նա չմոռացավ նաեւ նշել, որ գրքի հետեւի մասն էլ է գունազարդ:

 Մինչև 7 տարեկան երեխաների համար նախատեսված «Լույսը լուսացավ, բարին շա՜տ շատացավ» գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ  Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի տուն թանգարանում, մարտի 22-ին:   

 Գրքի ստեղծմանը սատարել են «Դեղին Արտույտի» սաների ծնողները՝  Հայկ Խաչատուրյանը, Նազարեթ Սեֆերյանը, Տաթև Սայադյանը, ինչպես նաև ծնողների աջակցող մեծ թիմը։  Նրանք հանրային դրամահավաքի միջոցով կարողացել են հավաքել գրքի  տպագրության համար անհրաժեշտ գումարը:

 Նկարազարդ էջերը ընթերցողին կուղեկցեն տարվա եղանակներով և հնարավորություն կտան գտնել փոքրիկ գաղտնիքներ։

Հեղինակը մանկապարտեզի տնօրեն  Անի Բարսեղյանն է,  նկարիչը՝  Օլգա Սարոյանը:  

 Գաղտնիքներով լի մանկական այս գիրքը կարելի է ձեռք բերել գրախանութներից:

 

Գրել մեկնաբանություն