Նորություններ

Բազուկի ու գազարի չիփսեր՝ մեր սեղանից ձեր սեղան

12 Դեկտեմբեր 2017 / Կողմից Ազա Սարգսյան (author)
 (Նկար: )

Ուրցաձորցի Օլյան ու Սոֆիան ընկերուհիներ են: Դեկտեմբերի 9-ին Ուրցաձորում կազմակերպված գյուղական տոնավաճառին չէին մասնակցում: Բայց տեղեկանալով տիրող աժիոտաժի մասին ու հասկանալով, որ իրենց պահածոներն ու չրերն էլ կարող էին ներկայացնել, որոշեցին հաջորդ տարի անպայման մասնակցել:

Գյուղապետարանը, որտեղ անցկացվում էր տոնավաճառը, տիկին Սոֆիկի տան հարեւանությամբ է: Բակն էր մաքրում, մեզ տեսնելով հրավիրեց տուն՝ սուրճ խմելու:

Լուսանկարում՝ ուրցաձորցիներ Օլյան ու Սոֆիան

Միմյանց հերթ չտալով՝ ընկերուհիները պատմեցին Ուրցաձորի մասին, որին տեղացիները Չիման են ասում. շեն գյուղ է, բերքառատ, մարդաշատ, ցանկացողները անասուն են պահում, օրը երեք անգամ ավտոբուսը գյուղից ուղիղ Երեւան է գնում: Էլի փոխադրամիջոցներ կան՝ դեպի Վեդի: Գյուղացիները հիմանական առեւտուրը Երեւանից են անում, Վեդուց կամ Արարատից:

Սնունդը՝ հատկապես ձմռան համար ուրցաձորցիները Վեդուց են գնում՝ միանգամից մեծ քանակով:

«Մենք կիլոգրամներով առեւտուր չենք անում: Երբ ձմեռը մոտենում է պետք է գնանք ամեն ինչ առնենք բերենք տուն, այդպես է ընդունված»,-պատմում է Օլյան՝ միաժամանակ կտրատելով տիկին Սոֆիայի այգու մրգերն ու շարելով մեր ափսեների մեջ եւ չմոռանալով «ձեռքի հետ» ճշտել մեր տարիքն ու ընտանեկան կարգավիճակը

«Էն լավ կոնֆետներից էլ բեր՝ մասկովսկի»,- ասում է ու ծիծաղում՝ ակնարկելով, թե ընկերուհուց լավ գիտի ինչ կա չկա տանը:

Ուրցաձորում խնդիրներն էլ քիչ չեն. աշխատատեղեր չկան, ասում է Օլյան, կամ արտագնա աշխատանքի են մեկնում, կամ համագործակցում թութունի վերամշակման արտադրամասի հետ որը Վեդիում է: Սա է միակ աշխատատեղը, իսկ երիտասարդներն առանձնապես զբաղմունք չունեն:

Կանայք թերահավատորեն էին մոտենում, որ կարելի է իրենց այգու բերքուբարիքը, իրենց պատրաստած կոմպոտներն ու մուրաբաները, չրեղենը վաճառելով եկամուտ ստանալ, բայց տոնավաճառին մասնակցելու հեռանկարը կարծես ոգեւորեց նրանց:

«Չենք աշխատում, ամբողջ օրը տանն ենք, ամռանը պարապ չմնալու համար ձեռքի հետ տարբեր չրեր, պահածոներ ենք պատրաստում մեր ծառի մրգերից, հիմնականում բաժանում ենք բարեկամներին»,-ասում են կանայք, որոշելով, որ  մյուս տարի, եթե կազմակերպվի,  կմասնակցեն:

 

Տիկին Սոֆիայի պատրաստած չրերը

 

«Մեր սեղանից ձեր սեղան» գյուղական տոնավաճառն այս տարի առաջին անգամ էր անցկացվում: Իրենց արտադրած մթերքը ցուցահանդես-վաճառքի էին հանել  Արարատի մարզի Ուրցաձոր, Շաղափ, Լանջանիստ և Լուսաշող գյուղերի բնակիչները:

Չիր, թթու, հորած պանիր, պահածոներ, սոխի մարինադ,  խոտաբույսերով թեյեր, ընկույզ, թոնրի լավաշ, գաթա: Կային նաեւ նորամուծություններ. ամուսիններ Քնարիկն ու Հրանտը ներկայացրել էին իրենց 6-7 ամսվա նորամուծությունը՝ գազարի, բազուկի ու մրգերի չիփսերը:

Լուսանկարում՝ բազուկի ու գազարի չիփսեր

ւրցաձորի կանանց ակումբի սեղանը զարդարում էր չրահացը: Բաղադրատոմսի հեղինակն իրենք են, պատրաստում են մրգաչերով, ընկույզով ու ալյուրով:

Լուսաշողցի պատանի Գագիկն էլ ի թիվս այլ բարիքների ներկայացրեց մայրիկի պատրաստած ձմերուկի թթուն:

 

Ռոզա Մուրադյանն էլ տատիկից փոխանցված բաղադրատոմսերով  խոտաբույսային խառնուրդներ է պատրաստում եւ 2 ամիս է ստեղծել է Շաղափ բուսական թեյերը: Ուրց, նանա, սրոհունդ, ղանթափա, սեւ ու կարմիր մասուր, երիցուկ, անթառամ,սերկեւիլի տերեւներ. գյուղացիները Խոսրովի անտառի հարակից սարերից են հավաքում հումքը, իրենք գնում  են գյուղացիներից՝ նայեւ նրանց եկամտի աղբյուր ապահովելով: Թեյը, որի 25 գրամը մենք գնեցինք 1000 դրամով,  հիմնականում իրացնում է երեւանյան սրճարաններում, բայց արտահանելու հեռանկարներ էլ ունի:

ԵՄ ֆինանսավորմամբ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման (FPWC) և Օրգանական հողագործության (FOF) հիմնադրամների կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում անցկացվող տոնավաճառին մասնակցեց նաեւ ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին: «Գյուղական զբոսաշրջությունը Հայաստանում մեծ ներուժ ունի, և այս նախաձեռնությունը ևս մեկ ապացույց է, որ համատեղ ջանքերով մենք կարող ենք նոր հաջողությունների հասնել: Գյուղական համայնքներում ԵՄ ներդրումները քայլ առ քայլ կնպաստեն, որ բացվեն նոր վայրեր ու լինեն հետաքրքիր նոր զբաղմունքներ թե´ ներքին, թե´ օտարերկրյա զբոսաշրջիկների համար»,- ասաց դեսպանը:

 

 

 

The author

Ազա Սարգսյան

Գրել մեկնաբանություն