Նորություններ

Նախամարդու հետքերով՝ դեպի «Սորաններ»

18 Նոյեմբեր 2017 / Կողմից Ազա Սարգսյան (author)
 (Նկար: )

Բերդ քաղաքի նորակառույց  Սուրբ Գեւորգ  եկեղեցու հարակից  Լեւոն Բեկի փողոցը ոլորապտույտ ճանապարհներով տանում է դեպի Բերդի դենդրոպարկ՝ «Սորաններ»,  որին տեղացիները պարզապես Սորան են կոչում:  

5-10 րոպե է պետք մեքենայով դենդրոպարկ հասնելու համար, ոտքով՝ 15-20, համենայն դեպս այդպես է ասում Գուգլ  քարտեզը:

Բերդի «Սորաններ» դենդրոպարկը հիմնադրվել է 1962թ., զբաղեցնում է 62 հա տարածք, որտեղ դենդրոֆլորան կազմում են 30 ընտանիքի և 73 ցեղի պատկանող մոտ 140 ծառաթփատեսակներ:


Տեղանքի բնակլիմայական պայմաններին լավ են հարմարվել հատկապես թույա արևմտյանը, եղևնի սովորականը և եղևնի փշոտը, գիհի սրաթեփուկը, տոսախ մշտադալարը, մայրի հիմալայանը, սոճի ղրիմյանը, լոռենի մանրատերևը և այլ տեսակներ:

Տարիների բարձիթողի վիճակն  իր հետքը թողել է  ծառայգում, սակայն նորանշանակ տնօրեն Դավիթ Աթոյանը փորձում է բարեկարգել ու կենդանացնել այն. հեռացվել է աղբը, տեղադրվել են դարպասներ, փակվել են մեքենաների երկրորդային ճանապարհները: Սական արվածը  դեռ բավարար չէ զբոսաշրջիկների ներգրավելու համար: Պետք է լուծվի խմելու եւ ոռոգման ջրի հարցը, եւ ժամանցի հնարավորություն ստեղծվի այցելուների համար:

Խորհրդային տարիների շունչը պահած «Սորաններ» ռեստորանի բացօթյա պատշգամբից նայելիս  Բերդ քաղաքն ափիդ մեջ է. սուրճն այս տեսարանի ուղեկցությամբ ավելի համեղ է թվում, թե ցերեկը եւ թե մթնշաղին, երբ կայծկլտում են քաղաքի լույսերը: Ասում են այստեղից բացվող տեսարանը գեղեցիկ է հատկապես արեւածագին:

Նորանշանակ տնօրենը դեռ հստակ ծրագրեր չունի, թե ինչպես է զարգացնելու այգին, բայց գաղափարներ կան. ուզում են գրավել էկոտուրիզմի սիրահարներին՝ ստեղծելով վրանային հանգստի հնարավորություն, զիփլայն գործարկել՝ Սորաններից  մինչեւ Տավուշի, կամ ինչպես այլ կերպ են անվանում՝ Ցլիկ Ամրամի բերդ, բայց սրանք ուղղակի գաղափարներ են:

Սորաններից  Ցլիկ Ամրամի բերդն այնքան էլ հստակ չի երեւում, եթե ցույց տվող չլինի, չես էլ նկատի: Դենդրոպարկի աշխատակիցներից մեկը մեզ պատմեց՝ այն ժայռաբեկորը, որի վրա բերդի մնացորդներն են, իրականում հսկայական քարայր է, որի մուտքը բաց է, սակայն արկածախնդիր  զբոսաշրջիկներին չի հաջողվում մինչեւ վերջ մտնել քարայր, քանի որ մի քանի մետր  առաջ գնալուց հետո թթվածնի պակասից ստիպված են լինում հետ վերադառնալ:

«Նախամարդու հետքը տեսա՞ք»,-հարցնում է Դավիթ Աթոյանն  ու շտապում մեզ ուղեկցել դեպի ծառերի արանքից երեւացող ժայռաբեկորը: Հենց այստեղ է ծառայգու հաջորդ առեղծվածը՝  քարի վրա պարզ երեւացող ոտնահետքի նմանվող դաջվածքը: Տեղացիները վստահ են՝  նախամարդու հետք է:  Լուսանկարում ենք մեր ոտքերը նախամարդու ոտնահետքի կողքին եւ շտապում ծառատունկի:

Սորաններում «Էկո Մեդիա» ցանցի հիմնադիր Նարինե Կիրակոսյանի նախաձեռնությամբ լրագրողներս  խաղաղության պուրակ հիմնեցինք՝ տնկելով 30 սյունաձեւ թույա:

«Ծառատունկն արվեց ի նշան խաղաղության, քանի որ Բերդը սահմանամերձ քաղաք է և կոնֆլիկտների ժամանակ ոչ պակաս չափով բնությունը, բուսականությունն է տուժում։ Մենք առաջին քայլն էինք անում` նաև հարևան Ադրբեջանին ի ցույց դնելով, որ կարելի է խաղաղ ապրել և օգնել պատերազմի ժամանակ տուժած  բնությանը վերականգնվել», -ասաց Նարինե Կիրակոսյանը։

Բերդի դենդրոպարկը եւ այնտեղից բացվող տեսարանը՝ ֆոտոշարքում. 

 

 

 

 

 

 

 

 

The author

Ազա Սարգսյան

Գրել մեկնաբանություն