Նորություններ

Դենդրոպարկ. Իջեւանի «մասթ սի» վայրերից մեկը

13 Նոյեմբեր 2017 / Կողմից Ազա Սարգսյան (author)
 (Նկար: )

Իջեւան քաղաքով անցնելիս հենց ճանապարհից տեսանելի է լքված ու անշուք կարուսելը՝ Սատանայի անիվը: Հենց դրա հարեւանությամբ է գտնվում Իջեւանի դենդրոպարկի(այո-այո՝  Իջեւանի դենդրոպարկի) մուտքը:

Սեքվոյա , Հիմալայան մայրի, Արջատխլենի, Սիբիրյան  եղեւնի, վայրի կիտրոն, չինական արքայանարինջ…  Դենդրոպարկի տնօրենը մեկ առ մեկ ներկայացնում է ծառատեսակներն ու նաեւ տեղեկացնում՝  55-ամյա այգում 600-ից ավելի տեսակ կա:

Այս  ծառայգին իր ծառաթփատեսակների բազմազանությամբ զիջում է միայն Երեւանի բուսաբանական այգուն: Թեեւ բարեկարգ է ու մուտքն էլ ազատ, բայց շատ այցելուներ չի ունենում, հիմնականում տեղացիներն են գալիս: Շատերը պարզապես չգիտեն այգու գոյության մասին:

«Տաղավարներ ենք տեղադրել, որոնք եւս անվճար են տրամադրվում»,- ընդգծում է 30 տարի այգին տնօրինող ու խնամող Մեխակ Սայադյանը՝  կռանալով ու վերցնելով գետնին թափված պլաստմասսե բաժակը եւ հավելում, որ ինքը լավատես է, եւ հիմա քայլեր են արվում այգու ֆինանսական վիճակը բարելավելու ուղղությամբ.  նպատակ ունեն խնջույքների համար վճարովի տաղավարներ կառուցել, ինչպես նաեւ խանութ բացել՝ հասույթով այգին բարեկարգելու եւ ընթացիկ ծախսերը հոգալու համար: Մեր դիտարկմանը, թե մտավախություն չկա արդյոք, որ տաղավարներից օգտվողները կարող են վնաս տալ բնությանը, մեր զրուցակիցը պատասխանեց, որ մտավախությունն իհարկե կա եւ հսկողություն է սահմանվելու:

Այգում  նաեւ տնկիներ են աճեցվում, որոնց պահանջարկը, սակայն, մեծ չէ:

«Եթե կարողանամ համագործակցություն հաստատել ծաղկավաճառ ընկերությունների հետ, այս բուսատեսակից  այգին կկարողանա շահույթ ստանալ», նշեց տնօրենը՝ ցույց տալով թփերից մեկը, որն, իր ասելով շատ հարմար բույս է փնջերի ձեւավորման համար:

Այգում  նաեւ քաղաքային տարածքների կանաչապատման համար պիտանի բույսեր են աճեցվում: Ըստ Մեխակ Սայադյանի՝ այս տնկիներն իրացնելու հարցն էլ եթե լուծվի, այգու ֆինանսական վիճակը կբարելավվի:  

Այգի այցելողներն էլ այսուհետ կարող են տեղում ձեռք բերել տնկին ու այն տնկել հենց այգում՝ իրենց անունով:

Հաճախորդների հոսքն ավելացնելու նպատակով մտադիր են նաեւ մանկական փոքրիկ խաղահրապարակ ստեղծել:

Իջեւանի դենդրոպարկը Գուգլի քարտեզի վրա չեք գտնի, բայց ֆեյսբուքյան էջին հետեւել կարող եք:

 Իջեւանի դենդրոպարկի աշունը՝ ֆոտոշարքում

The author

Ազա Սարգսյան

Գրել մեկնաբանություն