Նորություններ

Արենու քարանձավի բացումը դեսպան Միլսի կողմից՝ ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ իրականացված պահպանության ծրագրի ավարտին

20 Սեպտեմբեր 2017 / Կողմից
 (Նկար: )

Նորավանքի ճանապարհով իջնելիս լեռների մեջ ծվարած մի քարանձավ կա, որն հայտնի է Արենի-1 անվամբ: Մարդիկ անցնելիս գուցե չնկատեն այն, բայց երբ հնագետները սկսեցին այստեղ աշխատանքներ իրականացնել, շատ կարևոր բացահայտումներ եղան. այստեղ գտնվեց աշխարհի ամենահին կոշիկը և աշխարհի առաջին գինու հնձանը: Սա համամարդկային ժառանգություն է, որ միավորում է բոլորիս որպես մեկ ժողովուրդ՝ մի կողմ թողնելով սահմանները:

Երբ այս բացահայտումների մասին լուրերը տարածվեցին ավելի ու ավելի շատ զբոսաշրջիկներ սկսեցին այցելել այս վայրը, ինչը վտանգում էր դեռևս այնտեղ գտնվող, սակայն չբացահայտված գտածոները և խոչընդոտում էր ընթացիկ հնագիտական աշխատանքներին: Հենց այստեղ էլ ձեռք մեկնեց ԱՄՆ կառավարությունը՝ Մշակութային արժեքների պահպանության ԱՄՆ դեսպանի հիմնադրամի միջոցով դրամաշնորհ հատկացնելով քարանձավի պահպանության աշխատանքներին: 2013թ. տրամադրված 52.870 ԱՄՆ դոլար դրամաշնորհի միջոցով տեղանքը ցանկապատվեց, ապահովվեցին լույսեր ու քայլուղիներ, որպեսզի այցելուները չվնասեն հնավայրը, և իրականացվեցին հնավայրի կոնսերվացման աշխատանքներ:

«Մենք որպես բանական էակներ ունենք ընդհանուր ակունքներ: Հայաստանից լինես, Ամերիկայից, թե որևէ այլ վայրից, մշակութային հնավայրերը, ինչպիսին է Արենու քարանձավը, օգնում են մեզ հասկանալ, որ մեր պատմությունը միահյուսված է:  Դա է պատճառը, որ ԱՄՆ կառավարության Մշակութային արժեքների պահպանության ԱՄՆ դեսպանի հիմնադրամը աջակցում է այնպիսի նախաձեռնությունների, ինչպիսիք են Արենու պահպանության  աշխատանքները», - ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը ծրագրային աշխատանքների ավարտն ազդարարող միջոցառման ընթացքում, որը տեղի ունեցավ ս.թ. սեպտեմբերի 19-ին:

Դեսպան Միլսի հետ մեկտեղ միջոցառմանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ու դեսպանության այն գործընկերները, ովքեր իրականացրել էին պահպանության աշխատանքները, մասնավորապես՝ Բորիս Գասպարյանը և Պավել Ավետիսյանի գլխավորած Հնագիտության ու ազգագրության ինստիտուտի փորձագետները:

Միջոցառման ընթացքում դեսպան Միլսը նշեց, որ այս աշխատանքներն օգնում են ոչ միայն Արենու քարանձավի ու պատմական գտածոների պահպանության հարցում, այլ նաև զբոսաշրջության խթանման հարցում՝ խրախուսելով զբոսաշրջիկների կայուն հոսքը դեպի քարանձավ:

«Մենք ոչ միայն օգնում ենք պահպանել այն գտածոները, որ դեռևս պետք է պեղվեն-հանվեն, այլ նաև կառուցում ենք Հայաստանի ապագան՝ հնարավոր դարձնելով զբոսաշրջիկների կայուն ու վնաս չպատճառող հոսք դեպի քարանձավ և օգնելով խթանել Հայաստանի տնտեսությունը՝ զբոսաշրջիկների համար առկա հնարավորություններն ամրապնդելու միջոցով: Քայլուղիների ու լուսավորության ապահովման շնորհիվ, ինչն արվել է Դեսպանի հիմնադրամի միջոցով,  այժմ այցելուները կարող են տեսնել այս եզակի գտածոները՝ առանց ոտնակոխ անելու վաղվա գտածոները», - ասաց նա:

2005թ.-ից  ի վեր Մշակութային արժեքների պահպանության ԱՄՆ դեսպանի հիմնադրամը Հայաստանում իրականացրել է մշակութային ժառանգության պահպանության 10 ծրագիր` 934.000 ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով: Ծրագրերի թվում են՝ Հայաստանի ազգային ֆիլմադարանում օպտիմալ ջերմաօդային կարգավորմամբ պահոցի ձևավորումը, Նորատուսի միջնադարյան գերեզմանոցի խաչքարների պահպանությունը, Գառնու միջնադարյան քարե կամրջի ամրակայումը, Գյումրիում երկու որմնանկարի (մեկը՝ Ռաֆայել Աթոյան, մյուսը՝ Հակոբ Հակոբյան) վերականգնման ու տեղափոխման աշխատանքները: Հիմնադրամի շնորհիվ այս պահին ընթացքի մեջ է մեկ այլ խոշոր ծրագիր ուղղված Մեղրու Սբ. Հովհաննես եկեղեցու և այնտեղ գտնվող ինքնատիպ միջնադարյան որմնանկարների պահպանությանը:

«Այն փաստը, որ Հայաստանում Դեսպանի մշակութային հիմնադրամի միջոցով իրականացվում են այսքան շատ ծրագրեր խոսում է երկու բանի մասին. առաջինը՝ համամարդկային պատմության մեջ Հայաստանի ունեցած արժեքավոր դիրքն է, իսկ երկրորդը՝ մեր հայ գործընկերների հետ սերտ գործակցությունը և նրանց աջակցությունը», - հավելեց դեսպան Միլսը:

Արենիում գտնվելու ընթացքում դեսպան Միլսը հայտարարեց Մշակութային արժեքների պահպանության ԱՄՆ դեսպանի հիմնադրամի կողմից տրամադրված նոր՝ 143.000 ԱՄՆ դոլար դրամաշնորհի մասին, որով շարունակվելու են Դաշտադեմի ամրոցի պահպանության աշխատանքները: Շարունակելով աշխատանքները, որոնք իրականացվել են 2013թ. հատկացված դրամաշնորհի շրջանակում, այս նոր ֆինանսավորումը կուղղվի հնագիտական պեղումների իրականացմանն ու ամրոցի ներքին պարսպապատի ամրակայմանը: 

Գրել մեկնաբանություն