Նորություններ

Վարդագույն քաղաքի 50 երանգները. կայացավ Երեւանյան գունազարդ վազքը

23 Հուլիս 2017 / Կողմից Սաթի Սարգսյան (photographer), Ժիրայր Ոսկանյան (photographer)
 (Նկար: )

 

Հուլիսի 16-ին Հանրապետության հրապարակից մեկնարկեց  ԵՐԵՎԱՆՅԱՆ ԳՈՒՆԱԶԱՐԴ ՎԱԶՔ 2017 միջոցառումը: Այն սկսվեց ֆիթնես-նախավարժանքով, որից հետո Yerevan Color Run-ի մասնակիցները հաղթահարեցին 5կմ երկարություն ունեցող վազքուղին՝ անցնելով Վազգեն Սարգսյան, Իտալիայի, Բեյրութի, Ամիրյան փողոցները, Մաշտոցի պողոտան և Իսահակյան, Նալբանդյան փողոցներով կրկին վերդառնալով Հանրապետության հրապարակ: Վազքուղու ամբողջ ընթացքում մասնակիցների վրա ոտքից գլուխ լցվեցին գունավոր խորհրդանշական փոշեներկեր:

 

Երևանյան գունազարդ վազք 2017-ին մասնակիցների շարքում կային բազմաթիվ զբոսաշրջիկներ արտասահմանից՝ այդ թվում Կորեայից, ԱՄՆ-ից և այլն:

Վազքուղու ավարտին հաջորդեց  երաժշտական գունազարդ «հրավառություն» և Color Party, որի ընթացքում մասնակիցներին իր կատարումներով ողջունեց Ուկրաինական «X ֆակտոր» շոուի հաղթող, «Ռուսաստանի Ձայնը» նախագծի մասնակից, երգիչ Սևակ Խանաղյանը: Միջոցառման ժամանակ ներկաների տոնական և պարային տրամադրությունը իրենց  մասնակցությամբ և  անդադար ելույթներով  ապահովեցին DJ-ներ Գուեվոն և Շանթը:

Վազքուղին առաջինն անցած երեք տղաները և աղջիկները պարգևատրվեցին մրցանակներով հովանավորների և գործընկերների կողմից:

Երևանյան գունազարդ վազք 2017-ի մասնակիցներից առաջին տեղի  հաղթող  աղջիկը Նյու Յորքից էր՝ Սոնա Ֆաունթեյնը: Աղջիկ մասնակիցներից 3-րդ, 2-րդ  հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրին Էլեն Հովհաննիսյանը, Կարինե Ավետիսյանը, իսկ տղաներից  3-րդ, 2-րդ և 1-ին հորիզոնականները` Մելիքասեթ Կարապետյանը,  Անդրանիկ Մարգարյանը և Մհեր Մաշումյանը:

 

Երևանյան գունազարդ վազք 2017-ի առաջին տեղի երկու հաղթողներին ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի կողմից որպես մրցանակ տրվեց՝ Հայաստանում եռօրյա էքստրեմալ տուր անցկացնելու հնարավորություն:

 

Նշենք, որ միջոցառումը այս տարի ևս բարեգործական էր և ստացված հասույթի մի մասը հատկացվելու է անվճար մարզվելու համար Երևանի կենտրոնում Street Workout-ի մասնագիտացված մարզահրապարակի և «Կյանքի ճանապարհ» բարեգործական ծրագրի շրջանակում Իջևան-Բերդ 34կմ ճանապարհի  կառուցմանը:

 

Միջոցառումն իրականացվում է Run Armenia նախագծի նախաձեռնությամբ, ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի և Երևանի քաղաքապետարանի  ու Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի աջակցությամբ, «Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում:

 

Գունազարդ վազքը (Color Run) միջազգային ձևաչափ ունեցող միջոցառում է, որն անցկացվում է աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ավստրալիա, Բրազիլիայում, Կանադայում, Չիլիում, Չինաստանում: Նախագիծը Հայաստան է եկել 2015 թվականին և արդեն  երրրորդ անգամ  անցկացվեց  մայրաքաղաք Երևանում: Այն մարդկանց երջանկության անկնթարթներ նվիրող վազք-զվարճանք է, որտեղ վազքի մասնակիցների սպորտային պատրաստվածությունը նշանակություն չունի:

Yerevan Color Run-ի նպատակն է յուրօրինակ ձևաչափով վազքի մարաթոնների իրականացման միջոցով Երևանի բնակիչների և հատկապես երիտասարդության շրջանում քարոզել առողջ ապրելակերպ, զարգացնել վազքի և զանգվածային սպորտի մշակույթը, մարդկանց կյանքը լցնել դրական և երջանիկ զգացողություններով: 

The author

Սաթի Սարգսյան

The author

Ժիրայր Ոսկանյան

Գրել մեկնաբանություն