Նորություններ

1 օրում աշխարհի շուրջը. Արտավանում կայացավ Էկոտուրիզմի երկրորդ փառատոնը

11 Հուլիս 2017 / Կողմից Ազա Սարգսյան (author)
 (Նկար: )

Երևան-Գորիս ճանապարհի Ջերմուկի խաչմերուկից 100 մետր անց դեպի աջ բարձրացող ոլորապտույտ ճանապարհը տանում է դեպի Վայոց Ձորի Զառիթափ համայնքի Արտավան գյուղ:

Այսօր Արտավանում գործող միակ B&B (Բեդ ընդ բրեքֆըսթ, թարգմանաբար՝ անկողին եւ նախաճաշ) հյուրատունը՝  տիկին Դուստրիկինն է: Այն  կարող է միաժամանակ 8 մարդ ընդունել:

Հյուրատան բաց պատշգամբի տեսարանը

Լավաշ, պանիր, լոբով ու ոսպով աղցաններ, տապակած դդմիկ, քամած մածուն, ավելուկ, թան: Տիկին Դուստրիկը ճաշի ժամին մեզ հյուրասիրեց այն ուտեստներով, որոնք նախատեսված են Արտավանի միակ  B&B-ի կենվորների համար:

Հարցնում եմ՝ Լավաշը դու՞ք եք թխել:  

«Լավաշն էլ է իմը, մածունն էլ, պանիրն էլ. ամեն ինչ տնական է»,- հպարտությամբ նշում է գործունյա տիկինը՝ արագ-արագ սեղանին շարելով ուտեստներով լի ափսեները: «Չասեցիք՝ ծիրանի տնական օղի կբերեմ, թե մեր «քաշած» գինին»,-  հարցնում է նա՝  չմոռանալով խոսքի մեջ ընդգծել, որ արդեն 3 թոռնիկ ունի, անգլերեն չգիտի, բայց օտարազգի հյուրերի հետ լեզու գտնում է:

Տիկին Դուստրիկը

«Վազգեն ջան, քեզանից որ մի տասը հատ լիներ, գյուղի վիճակը շատ լավ կլիներ»,-ասում է նա՝  դառնալով «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ  Վազգեն Գալստյանին, ով եկել էր մեզ՝  նստակյաց  լրագրողներիս բնաճանաչողական քայլարշավով դեպի Արտավանի Ալ լիճ կամ ինչպես տեղացիներն են ասում՝ Հայելի գյոլ  տանելու:

Արշավը  հուլիսի 8-9-ը Արտավանում անցկացվող  Էկոտուրիզմի  փառատոնի ծրագրի մի մասն էր կազմում:

«Արտավանի հիմնական գրավչությունն այս լիճն է , որ այնտեղ աճած բուսականությունը ձեւաւորել է որոշակի կղզիների համակարգ, որոնք մի կետից նայելիս կարծես աշխարհի քարտեզը ձեւավորած լինեն: Սա բնության հրաշք է, որը կարող ենք օգտագործել տուրիստական հոսքեր ապահովելու համար»,-մեզ հետ զրույցում ասաց Վազգեն Գալստյանը: Փառատոնը երկրորդ անգամ է անցկացվում: Առաջին անգամ այն կազմակերպվել է Արտավանի հարեւան Գոմք գյուղում:

Փառատոնի կազմակերպչական խումբը: Լուսանկարը՝ Վազգեն Գալստյանի ֆեյսբուքյան էջից:

 «Գոմք,  Արտավան եւ Մարտիրոս գյուղերի տարածքներում  նպատակ ունենք կազմակերպել էկոտուրիստական պոտենցիալ ունեցող հատվածների ճանաչելիության բարձրացում: Առաջին քայլը փառատոնն է: Հիմնական նպատակը տեղացիների հուշելն է որ շրջակա միջավայրի պահպանությամբ իրենք կարող են ավելի շատ եկամուտ ունենալ , քան այն սպառելով»,-ընդգծում է  Վազգենը հավելելով, որ փառատոնը  յուրօրինակ  քննություն էր գյուղացիների եւ այցելուների համար, որպեսզի գնահատեն նրանց կարողությունները եւ կարիքները:

«Արտավանի կենսաբազմազանությունը շատ մեծ է, այնինչ գյուղացիները փառատոնի ժամանակ  ներկայացրել էին մի քանի բուսատեսակ»,-նկատում է մի պահ արշավը մեզ հետ զրուցելու համար դադարեցրած Վազգենը եւ խոստանում, որ գյուղացիների իրազեկվածության բարձրացման եւ կարողությունների զարգացման նպատակով  հուլիսի վերջին  մասնագետ կհրավիրեն՝ գյուղացիներին տեղի բուսատեսակներին եւ դրանց օգտակար հատկություններին ծանոթացնելու նպատակով, որպեսզի հետագայում կարողանան հավաքել եւ շահույթ ստանալ:  

«Գյուղացիների ունեցած հնարավորությունները թույլ են տալիս զբոսաշրջիկներին ընդունել եւ ճանապարհել, մեզ մնում է աջակցել եւ օգնել գյուղացուն, որպեսզի իր բիզնեսը կատարելագործի եւ հարմարեցնի տուրիստի պահանջին»,-Ասում է Վազգենը: 

«Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ  Վազգեն Գալստյանը

 «Մինչ օրս Արտավանում մեր աջակցությամբ գործում էր  1 B&B հյուրատուն, բայց հիմա  7-8 տնտեսություն արդեն ցանկություն են հայտնել իրենց տունը հյուրատան վերածելու:  ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից  դրամաշնորհի ենք ստացել, որով  զարգացնելու ենք  Արտավանի  B&B  ցանցը եւ  կօգնենք, որ գյուղացիներն  ավելի գրագետ կազմակերպեն իրենց բիզնեսը»,-ընդգծեց Վազգենը՝ ավելացնելով, որ Արտավանի հողը բերրի է, այստեղ աճում է թութ, ծիրան, ընկույզ, գյուղացիները նաեւ ձկնորսությմաբ են զբաղվում. 7-ից ավել լճակներ կան, որտեղ գյուղացիները ձկներ են աճեցնում, այնուհետ որսում եւ ճաշակում:

«Իրականում այս լճակները էկոտուրիստական ծառայությունների մատուցման տեսանկյունից ավելի եկամտաբեր կարող են լինել, քան ձկնորսության»,-ասում է փառատոնի կազմակերպիչը եւ ընդգծում, որ իրականում իրենց պլանները բավականին մեծ են. «Սա փոքրիկ միջոցառումային ծրագիր է: Մենք Բնության Համաշխարհային Հիմնադրամի (WWF) հայաստանյան գրասենյակի եւ ՄԱԿ-ի փոքր դրամաշնորհների ծրագրերի աջակցությամբ 4000 հեկտար տարածքի վրա իրականացնելու ենք էկոտուրիզմի զարգացման, տարածքի բնության պահպանման, տարածքի կառավարման որակի բարելավման ծրագիր, որը ընդգրկելու է Արտավան, Գոմք միջանցքը:

Խոսրովից մինչեւ Շիկահող գնացող ամբողջ հատվածը էկոմիջանցք է որոնք ապահովում են կենդանիների անվտանգ միգրացիոն հոսքերը եւ որտեղ էնդեմիկ բուսատեսակների, այդ թվում՝ կարմիր գրքային,  մեծ քանակություն կա: Մենք Բնության Համաշխարհային Հիմնադրամի (WWF) հայաստանյան գրասենյակի, Բնապահպանության նախարարության  եւ Արտավանի գյուղապետի աջակցությամբ փորձում ենք իրականացնել էկոմիջանցների  ծրագիրը»,-եզրափակեց երիտասարդ կազմակերպիչն ու հագնելով կոշիկները՝ շտապեց հասնել արշավական ընկերներին:

Օրվա ավարտին շարժվեցինք Երեւան՝ բարի նախանձով հրաժեշտ տալով Արտավանում վրանային ճամբար խփած շուրջ 50 արկածախնդիր էկոզբոսաշրջիկներին, ովքեր առավոտյան պատրաստվում էին մասնակցել փառատոնի շրջանակներում կազմակերպված  «Գանձերի որոնում» էկո քուեսթին:

 

Դեպի Երեւան ճանապարհի Վայոց Ձոր-Եղեգնաձոր հատվածում մեզ միացավ Լեհաստանից հիչհյքինգի նպատակով մեր տարածաշրջան ժամանած երիտասարդ մի զույգ, ովքեր հասցրել էին լինել Լոռվա մարզում, Սեւանա լճում, Արցախում, Գորիսում եւ ուղեւորվում էին տեսնելու Նորավանքն ու Խոր Վիրապը:  Հայաստանից նրանց ունեցած տպավորությունների մասին գրել ենք մեր նախորդ հրապարակման մեջ:

Էկոտուրիզմի փառատոնը կազմակերպվել էր «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» և «Ջերմուկի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունների կողմից: 

 

 

 

 

 

 

 

 

 

The author

Ազա Սարգսյան

Գրել մեկնաբանություն