Նորություններ

Մարդիկ այստեղ շատ հյուրընկալ են. Եւրոպացի հիչհայքերներ

09 Հուլիս 2017 / Կողմից Ազա Սարգսյան (author)
 (Նկար: )

«Հայերը  շատ հյուրընկալ ու բաց են»,- ասում են Միկին ու Տորոտան՝  Լեհաստանից հիչհայքինգի նպատակով մեր տարածաշրջան ժամանած զբոսաշրջիկները, որոնց  մենք՝ լրագրողներս հանդիպեցինք Արտավանում կազմակերպված էկոտուրիզմի փառատոնից Երեւան վերադառնալու ճանապարհին:

«Մեկուկես ժամ է՝ կանգնած ենք՝ ոչ մի մեքենա չի անցել: Բայց համոզված էինք, որ առաջին իսկ անցնող մեքենան կանգ է առնելու եւ մեզ տեղափոխի»,- ասում են հիչհայքերները, ովքեր Արցախից վերադառնալիս այցելել են նաեւ Գորիս եւ հիմա ուղեւորվում էին գիշերակացն անցկացնելու հայտնի Արենի 1 քարանձավից ոչ հեռու գտնվող հյուրատանն ու առավոտյան նախատեսում էին այցելել Նորավանք եւ Խոր վիրապ:

«Վերջին երկու տարիներին միջազգային լրատվամիջոցները շատ հաճախ են սկսել խոսել Հայաստանի մասին , որպես զբոսաշրջության համար նպաստավոր երկիր»,- պատմում էր կապուտաչյա Տորոտան՝  վայելելով մեր հյուրասիրած մրգերն ու քաղցրեղենը:

«Ի դեպ՝ ծիրանն այստեղ ազգային արժեքի պես մի բան է, այո՞ »,- հարցրեց նա եւ մեր կողմից ստանալով  դրական պատասխան հավելեց, որ շատ երկրներում է ծիրան համտեսել, բայց այստեղ մրգի  համն ուրիշ է:

«Մարդիկ այստեղ  շատ հյուրընկալ են: Այլ երկրներում, որտեղ մենք եղել ենք, օրինակ՝ Պորտուգալիայում, մարդիկ խուսափում են օտարականներից, վախենում, իսկ այստեղ բոլորը ցանկանում են մեզ օգնել, աջակցել եւ դա անում են մեծ սիրով»,- պատմում էին երիտասարդ զբոսաշրջիկները, ովքեր մինչ Հայաստան այցելելը հիչհայքինքով շրջել էին Ադրբեջանում եւ իրազեկված էին նաեւ հայ-ադրբեջանական հակամարտության մասին:

«Ինձ թեման հետաքրքրում է, որովհետեւ իմ երկրում նույնպես այս խնդիրը կա: Ես  կատալոնացի եմ, կատալոնացիների մեծ մասը ցանկանում է անկախություն հռչակել Իսպանիայից: Ադրբեջանում շատ սուր էր ընկալումը կոնֆլիկտի հետ կապված: Բոլորը հայերին համարում են թշնամի եւ անդադար խոսում հողերի բռնազավթման մասին , բայց երբ նրանց հարցնում էի, թե ինչ կփոխվի իրենց կյանքում, եթե Ղարաբաղը միանա Ադրբեջանին, նրանք պատասխան չունեին»,-պատմում էր Միկին:

Զբոսաշրջիկներին զարմացրել էին պատերազմական իրավիճակում գտնվող Ստեփանակերտի բարեկարգ ճանապահներն ու բազմաթիվ  նորակառույց ժամանակակից շինությունները:  

Միքին ու Տորոտան մի քանի օրից կգան  Երեւան: Նպատակ ունեն  այցելել Ցեղասպանության թանգարան: Կասկադի մասին նույնպես լսել էին: Մենք խորհուրդ տվեցինք օգտվել առիթից եւ մասնակցել Ոսկե Ծիրան կինոփառատոնին:

Երեւանից հետո երիտասարդները նախատեսում են գնալ Գյումրի, այցելել Շիրակի մարզի Արփի լիճ եւ մեկնել նվաճելու Վրաստանը:

 

The author

Ազա Սարգսյան

Գրել մեկնաբանություն