Նորություններ

Ջիփիէսով եւ ֆոտոթակարդներով՝ վիրտուալ ընձառյուծի հետքերով

04 Մայիս 2017 / Կողմից Ազա Սարգսյան (author), Ժիրայր Ոսկանյան (author)
 (Նկար: )

Ծանոթացեք՝  Եւան է՝  Զանգեզուրի լեռնաշղթայում բնակվող մայր  ընձառյուծը. այսպես նրան բնապահպաններն են  պայմանականորեն  անվանում: «Ձագերն  արդեն երեւի մեծացել են եւ հույս ունենք, որ տարածվել են»,- «Ընձառյուծի հետքերով» տեղեկատվական արշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում ընդգծեց  «Ընձառյուծի պահպանությունը հարավային Կովկասում» ծրագրի համակարգող Արսեն Գասպարյանը:

Կովկասյան ընձառյուծը գրանցված է  Բնության պահպանության միջազգային միության և ՀՀ Կարմիր գրքերում։ Եւ սա առաջին դեպքն է երբ ընձառյուծի ձագ է նկատվել:  

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում  «Ընձառյուծի պահպանությունը հարավային Կովկասում» ծրագիրն իրականացվում է  2002 թվականից ՝ «Բնության համաշխարհային հիմնադրամի» (WWF) աջակցությամբ:

Ծրագրի հիմնական նպատակն անհետացման եզրին գտնվող ընձառյուծի եւ դրա համար որս հանդիսացող տեսակների՝ բեզորայան այծի, հայկական մուֆլոնի պոպուլյացիայի պահպանումն ու ավելացումն է: Ծրագրի շնորհիվ ՀՀ տարածքում գրանցվել է կենդանատեսակի քանակական աճ:

Ամբողջ հարավային Հայաստանի տարածքում հաշվվում  է դրոշակակիր տեսակի 7-9 առանձնյակ, որոնց մասնագետները  տարբերակում են իրենց նախշերով:

Ընձառյուծների առկայությունը, տեղաշարժերը մշտադիտարկվում են նաեւ ինովացիոն գործիքների՝  ֆոտոթակարդների միջոցով:

Ֆոտոթակարդը մի սարք է, որն ամրացվում է տեղանքում, օրինակ՝ որևէ ծառի վրա։ Այն լուսանկարում եւ տեսանկարում  է  թիրախում գտնվող կենդանիներին։ Սարքն աշխատում է նաև գիշերը ու շարժ նկատելիս անմիջապես ֆիքսում՝ հատուկ ինֆրակարմիր լույսով։

Ֆոտոթակարդների շնորհիվ , որ այսօր մենք կարողանում ենք տեսնել Հայաստանի հարավում բնակվող հազվագյուտ ընձառյուծներին, իսկ բնության մեջ նրանց հանդիպելը գրեթե անհրանարին է.  ընձառյուծը խուսափում է մարդկանցից:

Վայրի բնության ու Էկոտուրիզմի  կեցության համար«Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի «Խոսրով» տեղամասւմ գիշերակացի համար կան  բոլոր հարմարությունները՝ գործում է այցելությունների կենտրոն:

Սակայն որքան էլ երկար ժամանակ անցկացնեք արգելոցում,  ընձառյուծ դժվար թե տեսնեք: Այստեղ անգամ հայկական Արլուփա (ARLOOPA) ընկերության հետ համագործակցությամբ ստեղծված վիրտուալ  ընձառյուծն է  անհասանելի՝ ինտերնետ կապ չկա:  Փոխարենը շուտով Երեւանի տարբեր վայրերում հնարավոր կլինի տեսնել վիրտուալ ընձառյուծի եւ անգամ լուսանկարվել հետը:

Նորարարությունն առաջինը փորձարկեցին լրագրողները:

 

Ինտերնետ կապի բացակայությունը, սակայն, խոչընդոտ չէ տեղանքում կողմնորոշվելու համար: Ֆոտոթակարդներից բացի արգելոցում կիրառվում են նաև հատուկ ջիփիէս սարքեր։ «Դրանք հնարավորություն են տալիս, անգամ ինտերնետի բացակայության պայմաններում, տեղանքում կողմնորոշվել ու ճշգրտել  կենդանու նկատման տեղանքը,  որսագողության դեպքերի վայրերը» ,-տեղեկացրեց  «Բնության համաշխարհային հիմնադրամի» հայաստանյան մասնաճյուղի փորձագետ Ալեքսանդր Մալխասյանը, ով նաեւ լրագրողների ներկայությամբ տարածքում  նոր ֆոտոթակարդ տեղադրեց:

Տեղեկատվական օրվա վերջում ֆոտոթակարդի ֆիքսած միակ կենդանի էակները լրագրողներն էին:

 

The author

Ազա Սարգսյան

The author

Ժիրայր Ոսկանյան

Գրել մեկնաբանություն